engarmrus
Login /  Register Search     
Advanced Search

 

Այս օրերին Հայաստանում էր գտնվում ֆրանսահայ աշխարհահռչակ նկարիչ (միզեբրալիստ) Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) տղան՝ Ժանի Ժանսեմը, ով Փարիզում ղեկավարում է հայտնի «Matignon» մասնավոր գալերեան: Այս ցուցասրահը ներկայացնում է Ժանսեմի աշխատանքները: Թեև այսօր Ժանի Ժանսեմն արդեն վերադարձավ Ֆրանսիա, այդուհանդերձ, մեզ հետ զրույցում նա հավաստիացրեց, որ շուտով կրկին կայցելի Հայաստան՝ հայ հասարկությանն անակնկալ մատուցելու խոստումով: Նա արդեն քանի օր Հայաստանում էր՝ կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանի հրավերով, ում ինքը՝ Ժանը, առաջարկել է աշնանը Հայաստանում ցուցահանդես կազմակերպել և ներկայացնել ոչ միայն հայերի, այլև՝ ամբողջ աշխարհի համար Ժանսեմի դեռևս չբացահայտված ստեղծագործությունները: Նշենք, որ կոլեկցիոներ Ս. Գրիգորյանը Ժանսեմի ստեղծագործությունների սիրահար է, և նկարչի որոշ լավագույն, թանկարժեք գործեր գտնվում են հայ կոլեկցիոների մոտ: Ժ.Ժանսեմն ասում է, որ փորձում է աշխարհի բոլոր երկրներում Ժանսեմի նկարչության ուսումնասիրություն կատարել, «հայտնաբերել» նրա լավագույն աշխատանքները և առաջարկել Ս. Գրիգորյանին՝ դրանք ձեռք բերելու նպատակով: «Ինձ համար շատ ուրախալի է, որ Ժանսեմի ամենաարժեքավոր գործերից մեկն էլ գտնվում է Հայաստանի «Բարձր արվեստ» կենտրոնում: Ժանսեմի 1960-ականների աշխատանքներն ամբողջ աշխարհում են թանկ գնահատվում, և ինքս փորձում եմ դրանք գտնել` ողջ աշխարհի կոլեկցիոներներից հետ բերելու համար: «Բարձր արվեստ» կենտրոնում գտնվող 1962-ին ստեղծված «Նատյուրմորտ զամբյուղով» ստեղծագործությունը անգնահատելի մի նկար է, որը մինչև 500.000 եվրո է գնահատվում: Անկեղծորեն ուրախ եմ, որ այդ անգին աշխատանքը գտնվում է Հայաստանում՝ «Բարձր արվեստ» կենտրոնում: Շատ եմ ցավում, որ մեկնում եմ՝ իմանալով, որ հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցող ցուցահանդեսին ներկա չեմ գտնվի: Ինձ ասացին, որ կենտրոնն իր նոր նախագծի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացնելու է այդ գործը: Որքան տեղյակ եմ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում այդ ցուցահանդեսն ընդգրկված է, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև հյուրերը կարող են տեսնել այդ անգնահատելի նկարը: Եվ ոչ միայն նատյուրմորտը, Ժանսեմի լավագույն ստեղծագործությունները գտնվում են իմ ընկեր, կոլեկցիոներ Սարգիսի մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց Ժ. Ժանսեմը՝ ավելացնելով, որ ամբողջ աշխարհում Ժանսեմի աշխատանքների բարձր գնային համակարգ է ձևավորված, այնինչ Հայաստանում, իր տեղեկություններով՝ որոշ անհատներ, գալերեաներ շատ սխալ քաղաքականություն են վարում, ինչը վնասում է հեղինակի՝ աշխարհում ձևավորված գնային քաղաքականությանը: Ժ. Ժանսեմի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: - Ցավում եմ, բայց Հայաստանում Ժանսեմի գնային սխալ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհում ձևավորված գնային համակարգի վրա: Այստեղ չեն պատկերացնում Ժանսեմի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը: «Բարձր արվեստ» կենտրոնում ներկայումս Ժանսեմի այնպիսի գրաֆիկական աշխատանքներ կան, որոնք սկսում են 15.000 եվրոյից, իսկ կտավներն աշխարհում գնահատված են 300.000 եվրո: Ժանսեմը հայ է և, եթե իր հայրենիքում որոշ մարդիկ իր ստեղծագործությունների գնի անկումային քաղաքականություն են որդեգրել, ապա դա վատ է, որովհետև ֆրանսիացի նկարիչը փորձում է նրան իբրև ֆրանսիացի նկարիչ ներկայացնել և` չափազանց բարձր գնային համակարգով: 


Եթե որևէ ստեղծագործող դառնում է աշխարհահռչակ՝ ֆրանսիացիներն անպայման փորձում են նրան ֆրանսիացի դարձնել: Ինչ վերաբերում է հայկականությանն, ապա, իհարկե, նկարչության մեջ կան գույներ, տխրություն, որը կարող եք նաև Ժանսեմի բոլոր նկարների մեջ տեսնել: Հայերը հիմա ունեն շատ բարձր արվեստ: Ես դա տեսել եմ և՛ եվրոպական ցուցահանդեսներին մասնակցելով, և մասնավոր կոլեկցիոներների մոտ, և՛ Ձեր մշակութային վայրերում: «Քառակուսուց» դուրս է եկել հայ արվեստը և զարգացում է ապրում: Ցավով պետք է նշեմ, որ Ֆրանսիայում հայկական արվեստի մասին գրեթե տեղեկություն չունեն: - 2001-ին Ժանսեմն այցելել էր Հայաստան, որի ժամանակ իր 34 կտավներից բաղկացած «Եղեռն» շարքը նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին: Ազգային պատկերասրահը, Ժամանակակից արվեստի թանգարանը, որքան տեղյակ եմ, ցուցադրել են նրա լիտոգրաֆիաները: Հայ հասարակության համար, այնուամենայնիվ, առայսօր նրա բալետի պարուհիների, ցլամարտի, նատյուրմորտների, էրոտիկ և միֆոլոգիական շարքերը մնում են չբացահայտված, քանի որ այդ գործերը տեսնելու հնարավորություն չունենք: Իր վերջին այցելությունից հետո մենք նրանից տեղեկություն չունենք, կպատմե՞ք Ժանսեմից: Ինչպե՞ս է նա: - Հայրիկս հիմա շատ ծեր է, չի կարողանում քայլել, նկարել, որովհետև ձեռքերը դողում են, վրձինը չի կարողանում պահել, բացի այդ՝ գրեթե չի տեսնում ոչինչ: Նա երբեք չի նկարել պատկերացումով, երևակայությամբ: Նրա բոլոր կերպարներն իրական մարդիկ են, մինչև անգամ՝ նատյուրմորտներն իրական իրերի վերծանումն են: Այն ստեղծագործությունները, որոնք տեսել եք համացանցում, կատալոգներում և այլ տեղերում՝ իրական կերպարներ են: Օրինակ, նրա դիմակահանդեսների շարքն իրականության արտացոլում են: Ես կփորձեմ հիմա պատմել Ժանսեմի հրաշքից մի դրվագ: 1971թ.-ին ես նրան մեքենայով դեպի Իսպանիա ճամփորդության տարա: Սեպտեմբեր ամիսն էր, եղանակն` արևոտ, պայծառ, և մենք ուղիղ երկու ամիս մասնակցում էինք ցլամարտերին. նա խնդրում էր պարտադիր լուսանկարներ անել: Իմ արած բոլոր լուսանկարները շատ գունեղ ու պայծառ էին: Հետագայում, երբ մենք արեցինք նրա «Ցլամարտ» շարքի ցուցահանդեսը՝ ես զարմանքով տեսա, որ դրանք մոխրագույն են, այն դեպքում, երբ իմ լուսանկարների մեջ ամեն ինչ գույներով հարուստ էին: Նա իր տեսածը վերծանել էր մռայլ գույներով՝ երկնքի կապույտը՝ մոխրագույն, սպիտակ: Հարցրեցի՝ ինչո՞ւ այսպես, չէ՞ որ իրականում ցլամարտն այսպես դժգույն չէր: Նա ասաց. «Ինձ համար ցլամարտը դրամայի արտահայտում է, իսկ դրաման արդեն սև է»: Տեսե՛ք, ինչումն է Ժանսեմի հրաշքը: Ես նրա հետ ցլամարտերին էի մասնակցում, բայց նայեցի նրա նկարն, ու այնպիսի տպավորություն էր, կարծես ես նկարի ներսում եմ՝ մատադորի արանքում: Նա կարողանում է մարդուն տանել իր նկարի մեջ: Նա նկարում է ոչ թե իր տեսածը, այլ՝ տեսածի հոգին ու սիրտը: Օրինակ, «Նատյուրմորտ զամբյուղով» նկարը շատ դինամիկ, ուրախ էմոցիաներով նկար է: 


Այդ զամբյուղը, մրգերը, եգիպտացորենն ու թռչունը գոյություն ունեն, իրական են, բայց ամբողջը եղել են շատ դժգույն, որովհետև նա դրանք պահել է տասնյակ տարիներ՝ չորացած, անգույնգ Սա է նկարչի ուժը, նա ինֆորմացիան կլանելով` վերամշակում և հանձնում է կտավին այնպիսին, ինչպիսին այս հրաշք գործն է: Ի դեպ, «Նատյուրմորտ զամբյուղով» 1962թ. ստեղծված կտավն ամբողջ աշխարհում համարվում է Ժանսեմի գլուխգործոցը, և դուք բարեբախտություն ունեք Հայաստանի «Բարձր արվեստ» կենտրոնում այն տեսնելու: Այն գնահատվում է մինչև կես միլիոն եվրո, ավելի ճիշտ՝ համարվում է անգին, քանի որ արվեստի լավագույն գործերից է: - Կոլեկցիոներ Ս. Գրիգորյանի հետ ցուցահանդես կազմակերպելու բանակցություններ եք վարել: Ի՞նչ նկարներ եք ցուցադրելու: - Ժանսեմի հայրենիքում Ժանսեմի լավագույն գործերին ծանոթ չեն: Հիմնականում տեսել են «Եղեռն» շարքը: Բալետի պարուհիների, պարահանդեսների, էրոտիկ, միֆոլոգիայի շարքերից կփորձենք ցուցադրել: Ես պիտի խնդրեմ, որ Սարգիսն իր արժեքավոր կոլեկցիան ցուցադրելու համաձայնություն տա: Ինչպես նաև կդիմեմ «Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր Արմինե Քոչարյանին` իրենց մոտ գտնվող շեդևրը՝ նատյուրմորտը, ցուցահանդեսին ներկայացնելու: Ուզում եմ Հայաստանը ճանաչի Ժանսեմի նկարչությունն ամբողջությամբ: Ես իմ գալերեայից Հայաստան կտեղափոխեմ մասշտաբային, շատ լավ գործեր և Երևանում դրանց պահպանության, տեղափոխման, ցուցադրման ծախսերի հարցում ընկերս կաջակցի: Այդ 300.000-400.000 եվրո արժողությամբ նկարները տեղափոխելը, ապահովագրումն ինձ համար շատ բարդ կլինի, բայց Ժանսեմի նկարչության նվիրյալ Ս. Գրիգորյանն ինձ խոստացել է օգնել:


«168 ԺԱՄ» 




© 2024 "Bardzr Arvest" Fine Art Center Ltd
Designed and developed by developWay CJSC